fbpx

COVID-19-Ի ՃԳՆԱԺԱՄԸ ՄԱՏՆԱՆՇՈՒՄ Է ԿԱՐԻՔԸ, ՈՐ L.A. ՎԱՐՉԱՇՐՋԱՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲՆԱԿԻՉ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ

COVID-19-Ի ՃԳՆԱԺԱՄԸ ՄԱՏՆԱՆՇՈՒՄ Է ԿԱՐԻՔԸ, ՈՐ L.A. ՎԱՐՉԱՇՐՋԱՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲՆԱԿԻՉ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ 1024 512 COUNTY OF LOS ANGELES

COVID-19-Ի ՃԳՆԱԺԱՄԸ ՄԱՏՆԱՆՇՈՒՄ Է ԿԱՐԻՔԸ, ՈՐ L.A. ՎԱՐՉԱՇՐՋԱՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲՆԱԿԻՉ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ

Առողջապահական ոլորտի պաշտոնյաներն ահազանգում են, որ մարդահամարի արձագանքման ներկայիս ցածր ցուցանիշը L.A. վարչաշրջանին վտանգի տակ է դնում, որն առաջիկա տասը տարիների կտրվածքով կարող է կորցնել արտակարգ իրավիճակների (ինչպես օրինակ COVID-19-ը) արձագանքման համար տրամադրվող դաշնային ֆինանսավորումը:

Los Angeles-ի վարչաշրջանի առողջապահական ոլորտի ղեկավարները պնդեցին, որպեսզի բնակիչները մասնակցեն 2020 թվականի մարդահամարին` COVID-19-ի ճգնաժամն ընդգծելով որպես օրինակ, թե որքան կարևոր է դաշնային ֆինանսավորումը բուժսպասարկման հզոր տեղական համակարգի պահպանման համար: Ճշգրիտ հաշվարկն էական է, որովհետև մարդահամարն ազդում է դաշնային ֆինանսավորման միլիարդավոր դոլարների վրա, որն օգնում է հիվանդներին օգտվել բուժսպասարկման ծառայություններից, ինչպես նաև ֆինանսավորում է հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ կապված խանգարումների բուժմանը և կանխարգելմանը, դպրոցներին, աջակցում է այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը և ծառայություններ է տրամադրում տարեցներին:

«COVID-19-ի համավարակը հաղթահարելու համար մեզ ոչ միայն անհրաժեշտ է, որ մարդիկ կրեն դիմակներ և պահպանեն ֆիզիկական հեռավորություն, այլ նաև պետք է անպայման ներառվեն մարդահամարում: Մարդահամարին չմասնակցելը կարող է զրկել L.A. վարչաշրջանին հատկապես այն ռեսուրսներից, որոնք մեզ անհրաժեշտ են մեր համայնքում համավարակի և այլ կենսական հետևանքներ առաջացնող հիվանդությունների դեմ պայքարի համար: Մարդահամարը լրացնելը տևում է ընդամենը տասը րոպե, և այն կարող եք լրացնել տանից ձեր համակարգչով կամ հեռախոսով», - ասաց L.A. վարչաշրջանի Հանրային առողջապահական բաժնի տնօրեն Barbara Ferrer-ը` Ph.D. (փիլիսոփայության դոկտոր), M.P.H. (առողջապահական ոլորտի մագիստրոս), M.Ed. (կրթության ոլորտի մագիստրոս): «Եթե մեր բնակիչները չեն մասնակցում, ապա մենք բոլորս ենք պարտվում: Մարդահամարին չմասնակցելով` մենք ասես դեն ենք նետում այն գումարները, որոնք մեզ անչափ հարկավոր են` պաշտպանելու մեր համայնքների և ընտանիքների առողջությունն ու բարօրությունը»:

Մարդահամարի ձևաթղթերը կարելի է լրացնել առցանց` https://my2020census.gov/, հեռախոսահամարով` 844-330-2020 կամ փոստով, եթե դուք ստացել եք թղթային ձևաթուղթը: L.A. վարչաշրջանի 2020 թվականի մարդահամարի համար նախատեսված https://census.lacounty.gov/ կայքէջն առաջարկում է վարչաշրջանի մասին տեղեկություններ 16 լեզուներով: ԱՄՆ-ի 2020 թվականի մարդահամարի կայքէջն ընդհանուր տեղեկություններ է առաջարկում 59 լեզուներով, ներառյալ տվյալ լեզվով առաջարկվող ուղեցույցները:

«Մենք ուրախ ենք, որ բնակիչները, օգտվելով համայնքում տեղակայված COVID-19-ի թեստավորման կենտրոնների մեր ընդլայնված ցանցից, նաև կկարողանան սովորել, թե բոլորիս համար որքան կարևոր է մարդահամարը L.A. վարչաշրջանում», - ասաց L.A. վարչաշրջանի առողջապահական ծառայությունների հարցերով տնօրեն Christina Ghaly-ն` M.D. (բժշկության դոկտոր): «Մարդահամարը լրացնելը նշանակում է, որ մենք բոլորս կարող ենք մեր ներդրումն ունենալ մեր համայնքների հետագա առողջության և վերահսկողության հարցում»:

Որպես վարչաշրջանի մարդահամարի իրազեկման քարոզարշավի մաս` պաստառներ և թռուցիկներ են տեղադրվում COVID-19-ի թեստավորման կենտրոններում` նպատակ ունենալով կրթել և համոզել բնակիչներին անմիջապես արձագանքել մարդահամարի մասնակցության կոչին:

L.A. վարչաշրջանի մարդահամարի արձագանքման ցուցանիշը հուլիսի 23-ի դրությամբ 58.6 տոկոս է: Սա էականորեն ցածր է California-ի ընդհանուր 63.6 տոկոս արձագանքման ցուցանիշից և շատ ավելի ցածր է L.A. վարչաշրջանի 100 տոկոս մասնակցության նպատակից:

Ի պատասխան COVID-19-ի շուրջ ծավալվող իրավիճակի` ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոն երկարաձգել է մարդահամարին մասնակցելու պաշտոնական վերջնաժամկետը: Ընտանիքների համար առցանց, հեռախոսով կամ փոստով պատասխանելու վերջին օրը հոկտեմբերի 31-ն է:

Մարդահամարին մասնակցությունը գաղտնի է: Պատասխանները պաշտպանված են դաշնային օրենքով, մասնավորապես Միացյալ Նահանգների օրենսգրքի 13-րդ հոդվածով: Դրանք չեն կարող փոխանցվել որևէ այլ պետական մարմնի կամ այլ կառույցի, ներառյալ ձեր տանտիրոջը:

ԱՄՆ-ի Սահմանադրությունը երկրի բնակչության մարդահամար է նախատեսում ամեն 10 տարին մեկ: Մարդահամարի վիճակագրությունն օգտագործվում է` որոշելու, թե Կոնգրեսում քանի աթոռ է զբաղեցնելու յուրաքանչյուր նահանգ, և թե որքան դաշնային ֆինանսավորում է հատկացվելու նահանգային և տեղական համայնքներին հաջորդ 10 տարվա համար: Տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներն օգտագործում են մարդահամարը` նոր դպրոցների և հիվանդանոցների ստեղծումը ծրագրելու նպատակով: Բիզնեսներն օգտագործում են մարդահամարի տվյալները` որոշելու, թե որտեղ կարելի է կառուցել գործարաններ, գրասենյակներ և խանութներ, որոնք էլ իրենց հերթին աշխատատեղեր են ստեղծում: Կառուցապատող ընկերությունները և քաղաքի նախագծմամբ զբաղվող մասնագետներն օգտագործում են մարդահամարի տվյալները` նոր տների պլանավորման և թաղամասերի բարելավման համար: Բնակիչներն օգտագործում են մարդահամարը` նպատակ ունենալով աջակցել համայնքային նախաձեռնություններին, ինչպիսիք են` օրենսդրական, կյանքի որակի և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող նախաձեռնությունները:

 

###

Los Angeles-ի վարչաշրջանի «Ընդգրկվի՛ր» քարոզարշավի մասին

2020 թվականի ճշգրիտ մարդահամարը կարևոր է արդար քաղաքական ներկայացուցչություն ապահովելու և նախագծերի ու սոցիալական ծառայությունների ծրագրերի համար` բանաձևի վրա հիմնված դաշնային ֆինանսավորման հավասար բաշխվածություն պահպանելու նպատակով: Los Angeles-ի վարչաշրջանի մարդահամարի նպատակն է, որ յուրաքանչյուր բնակիչ տեղեկացված լինի 2020 թվականի մարդահամարի հարցախույզի մասին, ունենա մասնակցելու հնարավորություն և լրացնի այն: Մանրամասների համար այցելե՛ք https://census.lacounty.gov/: